Դժվար թե հայկական արմատական ընդդիմության, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, հանրահավաքներն առաջվա նման բազմամարդ լինեն: Նման կարծիք լրագրողներին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` հանրահավաքներին մասնակցության աստիճանը կախված կլինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից:
Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը, հավելել է նա, դարձավ 2011թ. Հայաստանի կարեւորագույն քաղաքական իրադարձությունը: «Սակայն ձեքբերվածը չի կարելի համաձայնություն անվանել», - կարծում է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ իշխող կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ հուլիսին սկսված բանակցություններն ընդհատվել էին ՀԱԿ-ի նախաձեռնությամբ, նրա ակտիվիստներից մեկի ձերբակալությունից հետո: Նա ընդհարվել էր ոստիկանների հետ: ՀԱԿ-ը, որը պարբերաբար ցույցեր է անցկացնում 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, հայտարարել է փետրվարից մինչեւ մայիս անցկացվելիք պատգամավորական ընտրությունների ընթացքում բողոքի ցույցերի հերթական ալիք բարձրացնելու իր մտադրության մասին:



























