Իրանի դատարանի վճռով եւս 5 հոգի դատապարտվել է մահապատժի, որոնք մասնակցել են այս տարվա հունիսի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ կազմակերպված բողոքի գործողություններին: Ըստ Իրանի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության, նշված 5 հոգին ահաբեկչական եւ զինված ընդդիմադիր խմբավորումների անդամներ էին:

Նշենք, որ նախկինում եւս 3 անձ էր մահվան դատապարտվել՝ իրանական ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ Իրանի նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքի գործողությունները վերաճեցին զանգվածային անկարգությունների, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, սպանվեցին 12 հոգի: Ընդդիմությունը, սակայն, խոսում է մի քանի տասնյակ զոհերի մասին: Դրանից հետո ողջ աշխարհում Իրանի դեսպանատների առաջ բողոքի գործողություններ կազմակերպվեցին: Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: