Հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ հանրապետությունում նախատեսված են մի շարք միջոցառումներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը նշեց, որ հունվարի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա աննախադեպ տոնական միջոցառում, զորահանդես:
Հունվարի 28-ին հանրապետության բարձրագույն ղեկավարությունը կայցելի Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին, իսկ հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի պատարագ: Դրանից բացի` նախատեսվում է նաեւ 10-օրյա միջոցառումների ծրագիր ուսումնական հաստատությունների հետ, այցելություններ, դասախոսություններ բանակին վերաբերող հարցերի մասին:
Նշենք, որ 1992-ի հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշմամբ սկիզբ դրվեց Հայկական Ազգային բանակին: Հայկական բանակի կայացման տարիներն են համարվում 1988-1992 թվականները, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սրման պատճառով ծագեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ ժամանակահատվածում երկրի անվտանգությունը եւ ԼՂՀ բնակչությանը պաշտպանում էին կամավորական ջոկատները: 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն Խորհուրդը ՆԳՆ Հատուկ գնդի ստեղծման մասին որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին Կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն: 2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ Ազգային բանակի օրը դարձավ ոչ աշխատանքային:



























