ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլանավորում է Գրենլանդիան ներառել ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության (NORTHCOM) պատասխանատվության գոտում, հաղորդել է Politico-ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ Գրենլանդիան կարող է հանվել ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության (EUCOM) իրավասությունից արդեն այս շաբաթ։ Ինչպես ընդգծել է պարբերականը, դա կարող է բացասական արձագանք առաջացնել Դանիայի եւ ՆԱՏՕ ամերիկյան դաշնակիցների կողմից։

«Աշխարհագրական առումով դա որոշակի իմաստ ունի»,- թերթին ասել է Politico-ի աղբյուրներից մեկը։ «Բայց քաղաքական առումով դա ակնհայտորեն մտահոգիչ է լինելու Եվրոպայի համար»,- ավելացրել է նա։ Մեկ այլ աղբյուր նշել է, որ ԱՄՆԴանիայի կառավարությանը չի տեղեկացրել ծրագրերի մասին։

Թերթն ընդգծել է, որ ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը պատասխանատու է Հյուսիսային Ամերիկայի պաշտպանության համար։ Այդ պատճառով կղզու փոխանցումը նրա պատասխանատվության գոտուն կարող է հնարավորություն ստեղծել Գրենլանդիայում ԱՄՆ տեղակայած Golden Dome հակահրթիռային պաշտպանության համակարգի լրացուցիչ ռադարներ տեղակայելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Դանիայի կազմում գտնվող Գրենլանդիա ինքնավար շրջանը պետք է միանա ԱՄՆ-ին։ Կղզու անկախության հարցը դարձել է գլխավոր թեմա այս տարվա մարտին Գրենլանդիայի խորհրդարանական ընտրություններում։

Հանրային կարծիքի հարցումները ցույց են տվել, որ գրենլանդացիների մեծ մասը կցանկանար, բայց նրանք դեռ չեն որոշել, թե երբ կամ ինչպես անջատվել, իսկ հունվարին անցկացված հարցումը ցույց է տվել, որ բնակչության միայն 6 տոկոսն է կողմ արտահայտվել Միացյալ Նահանգներին միանալուն։

Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը մայիսի սկզբին NBC News-ի հարցազրույցում չի բացառել Գրենլանդիայի հարցը լուծելու համար ռազմական ուժի կիրառումը: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մարտի վերջին նշել է, որ ամերիկյան կառավարությունն ակնկալում է, որ Գրենլանդիան անկախություն կստանա եւ խաղաղ ճանապարհով կմիանա Միացյալ Նահանգներին: Վենսի խոսքով՝ Վաշինգտոնն այս դեպքում չի սպառնում ռազմական ուժի կիրառմամբ։