Կորեայի Հանրապետության նոր նախագահ Լի Չժե Մյոնը երդմնակալության արարողության ժամանակ խոստացել է հաղթահարել հասարակության մեջ առկա պառակտումը եւ պաշտպանել բոլոր քաղաքացիների շահերը, նրա խոսքերը մեջբերել է Yonhap գործակալությունը։

«Ժամանակն է վերականգնել անվտանգությունն ու խաղաղությունը, որոնք դարձել են քաղաքական պայքարի զենք, եւ ժամանակն է վերականգնել կենսամակարդակն ու տնտեսությունը, որոնք տուժել են անտարբերությունից, անգործունակությունից եւ անպատասխանատվությունից»,- ասել է Լի Չժե Մյոնը։ Քաղաքական գործիչը նախագահի պաշտոնում երդում է տվել խորհրդարանի շենքում։ Ինչպես գրել է Yonhap-ը, «պաշտոնական երդմնակալության արարողությունը» տեղի կունենա հուլիսի 17-ին՝ Սահմանադրության օրը, սակայն այն կկոչվի «նշանակման արարողություն»։

Լի Չժե Մյոնը նաեւ հայտնել է, որ ժամանակն է «վերականգնել ժողովրդավարությունը, որին սպառնում էին զրահապատ մեքենաները եւ հրացանները»։ Դեկտեմբերի սկզբին Կորեայի Հանրապետության այն ժամանակվա նախագահ Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն հայտարարեց, իսկ ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը վերջապես հեռացրեց նրան պաշտոնից այդ իրադարձությունների պատճառով։

«Կարեւոր չէ, թե ում եք աջակցել, ես կլինեմ բոլորի նախագահը, ես կծառայեմ յուրաքանչյուր քաղաքացու»,- ասել է Լի Չժե Մյոնը:

Պետության նոր ղեկավարը կոչ է արել «հաղթահարել ներքին խռովությունները» եւ կառուցել «նոր երկիր»: «Ես կլինեմ նախագահ, որը վերջ կդնի քաղաքական պառակտումներին: Մենք կհաղթահարենք ճգնաժամն ազգային միասնությամբ»,- ասել է նա: Նա իր ելույթում մի քանի անգամ հիշատակել է խռովությունը։ Նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին կասկածում են սահմանադրական կարգի դեմ խռովություն կազմակերպելու մեջ քրեական գործով, քանի որ նա զինվորականներին ուղարկել է խորհրդարան եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Չի կարելի թույլ տալ, որ խռովությունը կրկնվի։ Մենք կպարզենք ճշմարտությունը, պատասխանատուներից կհարցնենք եւ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի դա չկրկնվի»,- ավելացրել է Լի Չժե Մյոնը։