ԱՄՆ-ը զգուշացրել է Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային չճանաչել Պաղեստինի պետությունը հունիսի 17-20-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ համաժողովում, հաղորդել է Middle East Eye-ը (MEE)՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ Ֆրանսիան պատրաստվում է միակողմանիորեն ճանաչել Պաղեստինի պետությունը համաժողովում եւ կոչ է անում բրիտանական իշխանություններին հետեւել իր օրինակին։ Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները, Փարիզի պաշտոնյաները կարծում են, որ բրիտանական կառավարությունն աջակցում է այս ծրագրին։
«Սակայն Վաշինգտոնը սկսել է զգուշացնել Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային Պաղեստինը միակողմանիորեն ճանաչելու հարցում: Միեւնույն ժամանակ, արաբական պետությունները կոչ են անում նրանց ձեռնարկել այս քայլը»,- գրել է MEE-ն:
Ինչպես պորտալին ասել է Արաբա-բրիտանական փոխըմբռնման խորհրդի (Caabu) ղեկավար Քրիս Դոյլը, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ճանաչումը կնշանակի «պաղեստինցիների պետականության իրավունքի եւ Իսրայելի հետ ապագա ցանկացած բանակցություններում հավասար իրավունքների ճանաչում»։ «Ելնելով բրիտանական կառավարության հետ ունեցած փորձից՝ ԱՄՆ-ի կողմից ճանաչման դեմ առարկությունները, հավանաբար, ավելի մեծ ազդեցություն կունենան Մեծ Բրիտանիայի, քան Ֆրանսիայի վրա»,- ավելացրել է նա։
Հունիսի 17-20-ին Սաուդյան Արաբիան եւ Ֆրանսիան Նյու Յորքում գտնվող ՄԱԿ կենտրոնակայանում կանցկացնեն բարձր մակարդակի համաժողով, որը նպատակ ունի առաջ մղել իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ երկու պետությունների ստեղծմանը հասնելու համաշխարհային ջանքերը։
Ինչպես անցյալ շաբաթ հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, բարձր մակարդակի ֆորումը կօգնի «նոր խթան հաղորդել Պաղեստինի պետության ճանաչմանը, ինչպես նաեւ Իսրայելի պետության ճանաչմանը եւ նրա՝ այս տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության մեջ ապրելու իրավունքին»։
Ընդհանուր առմամբ, Պաղեստինի պետությունը ճանաչվել է ՄԱԿ 148 անդամ երկրների կողմից: Պաղեստինի դեսպանատներ եւ մշտականներկայացուցչություններ կան 95 երկրներում: Խորհրդային Միությունը, որի իրավահաջորդը Ռուսաստանը է, ճանաչել է Պաղեստինի պետությունը 1988թ.:





























