Սպիտակ տան աշխատակիցների կողմից ավտոմատ գրիչի՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի ստորագրությունը կրկնօրինակելու սարքի օգտագործման շուրջ սկանդալը դարձել է ամերիկյան քաղաքականության մեջ ամենաաղմկոտներից մեկը, նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը։

«2020թ. կեղծված նախագահական ընտրություններից բացի՝ ավտոմատ գրիչը Ամերիկայի պատմության ամենամեծ քաղաքական սկանդալն է»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Թրամփը նախկինում հայտնել էր, որ Բայդենի՝ մոտ 2 500 մարդու, այդ թվում իր հարազատներին ներում շնորհելու մասին հրամանագրերն իրավական ուժ չունեն, քանի որ դրանք ստորագրվել են ավտոմատ գրիչով՝ առանց նախկին նախագահի իմացության։ Թրամփը մեղադրել է Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին դավաճանության մեջ՝ պնդելով, որ այդ գրիչով ստորագրված փաստաթղթերը նպաստել են միգրանտների զանգվածային մուտքին ԱՄՆ: Կոնգրեսը հայտարարել է, որ բացահայտել է Սպիտակ տան չորս աշխատակիցների, որոնք, ենթադրաբար, այդ գրիչն են օգտագործել Բայդենի անունից փաստաթղթեր ստորագրելու համար:

Հունիսի 3-ին արդարադատության նախարարությանը հանձնարարվել է հետաքննել Բայդենի պաշտոնավարման վերջին օրերին կայացված որոշումը՝ ներում շնորհել իր ընտանիքի անդամներին եւ 37 բանտարկյալների, որոնց մահապատիժը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ։ Հետաքննությունը կուսումնասիրի Սպիտակ տան նախկին ղեկավարի իրավասությունը եւ կպարզի, թե արդյոք այլ անձինք կարող էին գաղտնի կերպով այդ գրչով ներումներ ստորագրել։