Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում է Ռուսաստանին զսպելու համար 30 տոկոսով մեծացնել «ներկայիս պաշտպանունակության թիրախային ցուցանիշները», հաղորդել է DPA-ն՝ հղում կատարելով ՆԱՏՕ աղբյուրներին։
Կոնկրետ ՆԱՏՕ-ն մտադիր է զգալիորեն ավելի շատ թեւավոր հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր գնել, ինչպես նաեւ ամրապնդել օդային պաշտպանությունն ու հրետանին։ Կոնկրետ թվեր չեն նշվում։ Այս նպատակներին հասնելու համար Գերմանիան եւ ՆԱՏՕ մյուս երկրները կստանան ազգային ռազմական պլանավորման նոր թիրախներ, որոնք գաղտնի են պահվում։ Դրանք նախատեսված է պաշտոնապես հաստատել դաշինքի պաշտպանության նախարարների՝ հինգշաբթի Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն իր եվրոպացի անդամներին խնդրում է հնգապատկել ցամաքային ՀՕՊ ուժերը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ենթադրյալ սպառնալիքի։ ՆԱՏՕ-ն կարիք ունի զարգացնելու իր ցամաքային օդային պաշտպանության հնարավորությունները, ներառյալ ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքերը, հրթիռները եւ կործանիչները, գործակալությանը հայտնել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն վերջին 30 տարիների ընթացքում կրճատել է նման համակարգերի քանակը, քանի որ իր ուշադրությունը Սառը պատերազմի դարաշրջանի ազդեցության ոլորտներից տեղափոխել է Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա։
Հաագայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովին ընդառաջ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները քննարկում են պաշտպանական ծախսերը ՀՆԱ 5 տոկոսին հասցնելու տարբերակը, որից 3.5 տոկոսը կհատկացվի զենքին եւ ռազմական տեխնիկային, իսկ 1.5 տոկոսը՝ զուգահեռ ծախսերին, ինչպիսին է կրկնակի նշանակության ենթակառուցվածքների զարգացումը։





























