Hindustan Times-ը հաղորդում է, որ չորեքշաբթի երեկոյան Հնդկաստանի Բենգալուրու քաղաքի «Չիննասվամի» մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով տասը մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Royal Challengers Bengaluru» (RCB) թիմի հազարավոր երկրպագուներ հավաքվել էին մարզադաշտում՝ թիմին տեսնելու IPL առաջնությունում առաջին հաղթանակից հետո։
Իրավիճակն արագորեն քաոսային դարձավ մի քանի մուտքերի մոտ, ինչը ստիպեց ոստիկանությանը դիմել խիստ միջոցառումների՝ ամբոխի վերահսկողության համար։ Վիրավորները տեղափոխվել են Բոուրինգի հիվանդանոց՝ բուժման համար։
Կարնատակայի նահանգային կրիկետի ասոցիացիան (KSCA) մարզադաշտում կազմակերպել էր հատուկ արարողություն՝ RCB-ին շնորհավորելու Ահմադաբադից հաղթական վերադարձի կապակցությամբ։ Սակայն մարզադաշտում հայտնված երկրպագուների մեծ թիվը, որոնցից շատերը չունեին անցագրեր, ստեղծել էր անկայուն իրավիճակ։ Ականատեսները հայտնել են, որ երկրպագուները հուսահատորեն բարձրանում էին մարզադաշտի պատերի և ցանկապատերի վրայով՝ փորձելով մտնել ներս՝ խաղացողներին տեսնելու համար։




























