Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Լևոն XIV պապի հետ, ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սա նոր պապի հետ առաջին հեռախոսազրույցն է։
«Պուտինը Հռոմի պապի ուշադրությունը հրավիրել է Կիևի ռեժիմի կողմից հակամարտության սրման վրա, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել հակամարտության կարգավորմանը նպաստելու պատրաստակամության համար», - հաղորդում է ТАСС-ը։
Ռուսաստանի առաջնորդը հաստատել է իր շահագրգռվածությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով խաղաղության հասնելու հարցում։
Ռուսաստանի նախագահի վերջին հեռախոսազրույցը Կաթոլիկ եկեղեցու առաջին հոգևորականի հետ տեղի է ունեցել Ֆրանցիսկոսի պապականության օրոք՝ 2021 թվականի դեկտեմբերին։ Պուտինը շնորհավորել է այն ժամանակվա Հռոմի պապին՝ 85-ամյակի կապակցությամբ։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը պարբերաբար շնորհավորական հեռագրեր է ուղարկում Սուրբ Աթոռ։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը արևմտյան աշխարհի այն առաջնորդներից մեկն էր, որին Պուտինն անձամբ շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ։





























