Հունվարի 10-ին Նիգերիայում կրոնական հողի վրա ահաբեկչական հարձակումների զոհ են դարձել 13 մարդ:

Երկրի հյուսիսում գտնվող Պոտիսկում քաղաքում զինված գրոհայինները կրակել են գարեջրատան այցելուներին: Հարձակման արդյունքում զոհվել է 8 մարդ, որոնց թվում եղել են 4 ոստիկաններ եւ 7-ամյա երեխա:

Նիգերիայի հարավում գտնվող Բենին քաղաքում մզկիթ է պայթեցվել, որը հանգեցրել է 5 մարդու մահվան: Պայթյունի հետեւանքով ավելի քան 3000 մահմեդականներ լքել են քաղաքը, հաղորդում է Reuters-ը:

Գարեջրատան վրա հարձակման մեջ իշխանությունները կասկածում են մահմեդական արմատական «Բոքո  Հարամ» խմբակցությանը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում ահաբեկչական հարձակումներ է իրականացրել  քրիստոնեական բնակչության դեմ: Մզկիթի վրա հարձակումն ամենայն հավանականությամբ քրիստոնյաների պատասխանն է իսլամի հետեւորդների գործողությունների:

«Բոքո  Հարամ»-ի գործունեությունն (այն գոյություն ունի 2002 թվականից) ակտիվացել է այն բանից հետո, երբ 2011 թվականին երկրում իշխանության գլուխ եկավ քրիստոնյա նախագահ Գուդլաք Ջոնաթանը:

Դեկտեմբերի 25-ին` կաթոլիկական Սուրբ  Ծննդյան տոնակատարությունների ժամանակ, իսլամիստները պայթեցրել էին հավատացյալներով լի 3 եկեղեցիներ, որը հանգեցրել էր 40 մարդու մահվան: 2012 թվականի հունվարի 1-ին «Բոքո  Հարամ»-ը բոլոր քրիստոնյաներից պահանջել էր լքել երկրի հյուսիսը, որն առավելապես բնակեցված է մահմեդականներով, հիշեցնում է Lenta.ru-ն: