Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Խ-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին և բռնկվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից, որում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր ծաղիկներ տեղափոխելու համար: