Առնվազն երկու արտասահմանյան ավիաընկերություններ բանակցություններ են սկսել Մոսկվայի օդանավակայաններից Սանկտ Պետերբուրգի Պուլկովո որոշ թռիչքներ տեղափոխելու վերաբերյալ, գրում է «Վեդոմոստին»՝ հղում անելով ավիափոխադրումների ոլորտի աղբյուրներին: Այդ ավիաընկերություններից մեկը, ըստ պարբերականի աղբյուրի, կարող է լինել «Թուրքական ավիաուղիները», երկրորդը, ինչպես ենթադրում է «Վեդոմոստին», կարող է լինել «Էմիրեյթսը»:
Օտարերկրյա ավիափոխադրողները կանոնավոր չվերթների համար օդանավակայանը փոխելու պատճառներից մեկը Մոսկվայի օդային տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով հաճախակի մտցվող թռիչքների սահմանափակումներն են: Բացի այդ, պարբերականի աղբյուրները նշել են, որ Մոսկվայից միջազգային ուղղություններով թռչող, բայց Սանկտ Պետերբուրգից այնտեղ ժամանող ուղևորների թիվն աճում է:
«Վեդոմոստիի» աղբյուրները նշել են, որ Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը թերբեռնված է Եվրամիության հետ օդային երթևեկության դադարեցումից հետո և կկարողանա սպասարկել լրացուցիչ ուղևորափոխադրումներ: Մասնավորապես, հենց Պուլկովո են վերաուղղորդվել բազմաթիվ չվերթներ մայիսի սկզբին, երբ անօդաչու թռչող սարքերի հարձակումները խափանեցին Մոսկվայի օդանավակայանների գործունեությունը:
«Թուրքական ավիաուղիներ»-ը և «Էմիրեյթս»-ը չեն արձագանքել «Վեդոմոստի»-ի հարցմանը: «Շերեմետևո»-ն հրաժարվել է մեկնաբանություն տալ, իսկ «Դոմոդեդովո»-ի ներկայացուցիչը նշել է, որ ինքը տեղեկություններ չունի այն մասին, որ օդանավակայանի գործընկեր օտարերկրյա ավիափոխադրողները բանակցություններ են վարում որոշ չվերթներ Պուլկովո տեղափոխելու վերաբերյալ: Հոդվածի հրապարակման պահին պարբերականը պատասխաններ չէր ստացել ո՛չ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից, ո՛չ էլ «Վնուկովո» օդանավակայանի վարչակազմից:





























