Գիտնականները վերջապես հայտարարել են, որ գտել են այն հարցի պատասխանը, թե արդյոք Ադամն ու Եվան իրականում գոյություն ունեի՞ն, թե՞ ոչ։ Ըստ Աստվածաշնչի՝ Ադամն ու Եվան առաջին երկու մարդիկ էին և ստեղծվել են Աստծո ձեռամբ։
Հին Կտակարանում ասվում է, որ նրանք ապրել են Եդեմական այգում, և դա հիմք է այն համոզմունքի համար, որ մոլորակի վրա յուրաքանչյուր մարդ սերում է նախնիների մեկ զույգից։ Ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ այդ պատմության առնվազն որոշ մասեր կարող են ճշմարիտ լինել։
Անհավանական է, բայց հնագետները հայտնաբերել են զարմանալի նշաններ, որ Եդեմը ոչ միայն իրական վայր է եղել, այլև կարող էր լինել մեզ հայտնի քաղաքակրթության բնօրրանը, գրում է Daily Mail-ը։
Սուրբ Գրքում Ադամն ու Եվան ապրում են Եդեմական այգի կոչվող վայրում, որը նկարագրվում է որպես սքանչելի, առատության երկիր։ Աստվածաշունչը, որքան էլ տարօրինակ է, բավականին ճշգրտորեն մատնանշում է, թե որտեղ է գտնվում այդ այգին։ Ծննդոցում, որը Աստվածաշնչի առաջին գիրքն է, ասվում է, որ Եդեմով հոսում է մի գետ, որը բաժանվում է չորս ճյուղերի՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս և Եփրատ։
Դրանցից հայտնի են Տիգրիսն ու Եփրատը, որոնք մինչ օրս հոսում են ժամանակակից Իրաքի տարածքով։ Բայց Գեհոնն ու Փիսոնը հաստատ հայտնի չեն, և կասկած կա, թե արդյոք դրանք դեռ գոյություն ունեն։
Եդեմական այգու ամենահավանական գտնվելու վայրը Միջագետք կոչվող տարածքում է։
Այդ շրջանը, որը հին հունարենում բառացիորեն նշանակում է «գետամեջ», գտնվում է Տիգրիսի և Եփրատի միջև և ընդգրկում է այն տարածքը, որն այժմ գտնվում է Սիրիայի արևելքում, ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևմուտքում և Իրաքի մեծ մասում։
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի դասական և աստվածաշնչյան հնագետ, պրոֆեսոր Էրիկ Քլայնը գիրք է գրել Եդեմի մասին, որում նա պնդում է, որ տեսությունը համապատասխանում է աստվածաշնչյան և հնագիտական ապացույցներին։
Գիտնականների շրջանում լայնորեն տարածված է այն կարծիքը, որ Միջագետքն այն վայրն է, որտեղ բույսերն ու կենդանիները առաջին անգամ ընտելացվել են 10 հազարից 20 հազար տարի առաջ՝ այսպես կոչված նեոլիթյան հեղափոխության ժամանակ։
Այդ առաջընթացը հանգեցրել է որսորդ-հավաքչական կենսակերպից գյուղատնտեսական կենսակերպի ամենավաղ անցմանը և առաջին մշտական մարդկային բնակավայրերի ի հայտ գալուն։





























