Հինգշաբթի առավոտյան Վորոնեժի մարզի իշխանությունները հայտնել են երկաթուղու վնասման և մարզի հարավում գնացքների կանգառի մասին, այժմ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնում է, որ դա տեղի է ունեցել պայթյունի հետևանքով։
«Այսօր առավոտյան, գնացքի անցումից անմիջապես առաջ, Վորոնեժի մարզում վնասվել է երկաթուղային գիծը», - ԱԴԾ-ի հայտարարությունը փոխանցում է Интерфакс-ը։
Գործակալությունը հայտնել է, որ կան բոլոր հիմքերը ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու համար։
Ավելի վաղ, նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել էր, որ Վորոնեժի մարզի հարավում մի քանի գնացքներ կանգնեցվել են, այն բանից հետո, երբ դրանցից մեկի մեքենավարը նկատել է «գծի աննշան վնաս»։
Ռուսաստանի հարավ և հակառակ ուղղությամբ ուղևորվող ավելի քան 20 գնացք ուշանում է, ըստ «Ֆեդերալ ուղևորատար ընկերության» և «Գրանդ սերվիս էքսպրես» ընկերության տվյալների, որոնք սպասարկում են բռնակցված Ղրիմ գնացող գնացքները։ Անապա, Ադլեր և Կիսլովոդսկ գնացող գնացքները կանգնեցվել են։
Անցյալ շաբաթ Բրյանսկի և Կուրսկի մարզերում պայթյունների հետևանքով գնացքներ են դուրս եկել գծերից։ Բրյանսկի մոտակայքում ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ։ Ռուսաստանի իշխանությունները մեղադրել են Ուկրաինային ահաբեկչական հարձակումը կազմակերպելու մեջ։ Կիևը չի մեկնաբանել գնացքների վթարները։





























