Քաբուլում անհայտ տղամարդիկ ՄԱԿ-ում աշխատող աֆղան կանանց սպառնալիքների են ենթարկել՝ իրենց աշխատանքի պատճառով, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի պաշտոնյաներին և կանանցից ոմանց։

ՄԱԿ-ի տարբեր գործակալություններում աշխատող կանայք անանուն մնալու պայմանով Ֆրանսպրես գործակալությանը պատմել են, որ փողոցում և հեռախոսով տղամարդիկ իրենց սպառնացել են, նրանց կոչ անելով «տնից դուրս չգալ»։

ՄԱԿ-ի աշխատակից Հուդան (անունը փոխված է) պատմել է, որ շաբաթներ շարունակ իրեն վիրավորական հաղորդագրություններ են ուղարկել «օտարերկրացիների հետ աշխատելու» համար։

Նա հայտնել է, որ գրասենյակում իրեն խորհուրդ են տվել աշխատել տնից մինչև հետագա ծանուցում: Աֆղանստանում ՄԱԿ-ի օգնության առաքելությունը (UNAMA) հաստատել է, որ ՄԱԿ-ի աշխատակցուհիները սպառնալիքների են ենթարկվել։

«Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում անհայտ անձինք սպառնացել են ՄԱԿ-ի մի քանի ազգային աշխատակիցների՝ ՄԱԿ-ում իրենց աշխատանքի առնչությամբ»,-ասված է հայտարարության մեջ։

Հաշվի առնելով «չափազանց լուրջ» սպառնալիքները՝ ՄԱԿ-ը ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար, ասված է հայտարարության մեջ։

Թալիբանի գլխավորած կառավարությունը, որին ՄԱԿ-ը մեղադրում է կանանց նկատմամբ «գենդերային ցեղասպանություն» կիրառելու մեջ 2021 թվականին իշխանության վերադառնալուց ի վեր, հերքում է մասնակցությունը։

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբդուլ Մատին Կանին հայտարարել է, որ նման սպառնալիքները «հանցագործություն» են, և որ ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի։ UNAMA-ն հայտարարել է, որ իշխանությունները հետաքննություն են սկսել։