Ֆրանսիական Dassault Aviation և հնդկական Tata Advanced Systems ընկերությունները համաձայնության են եկել Հնդկաստանում Rafale կործանիչի ֆյուզելյաժը՝ ինքնաթիռի կմախք արտադրելու վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերությունների համատեղ հայտարարությանը։

Սա Rafale կործանիչի՝ Ֆրանսիայից դուրս արտադրվելիք առաջին քայլը կլինի։

Հնդկաստանը՝ աշխարհի խոշորագույն զենքի ներմուծողը, ձգտում է խթանել ներքին արտադրությունը և մեծացնել պաշտպանական արտահանումը, որը մարտ ամսվա վերջին ավարտվող ֆինանսական տարում աճել է 12%-ով՝ հասնելով 2,76 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Համաձայնագրի շրջանակում Tata-ն արտադրական կենտրոն կհիմնի Հայդարաբադի հարավային քաղաքում՝ Rafale-ի հիմնական կառուցվածքային բաղադրիչներն արտադրելու համար, ասված է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ։

Առաջին ֆյուզելյաժի հատվածները նախատեսվում է հավաքել գծից 2028 ֆինանսական տարում, ընդ որում՝ գործարանն ամսական կարտադրի մինչև երկու ամբողջական ֆյուզելյաժ։ Հայտարարության մեջ չի նշվում, թե որքան կարժենա գործարքը կամ արդյոք պատրաստի արտադրանքը նախատեսված կլինի ներքին օգտագործման, թե  արտահանման համար, սակայն Tata Advanced Systems-ը նշել է, որ ֆյուզելաժը «նախատեսված կլինի Հնդկաստանի և այլ համաշխարհային շուկաների համար»։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ ներկայում 36 Rafale կործանիչ կա։ Ապրիլին Հնդկաստանը նաև պայմանագիր կնքեց Ֆրանսիայի հետ, որը նրա երկրորդ խոշորագույն զենքի մատակարարն է, 7 միլիարդ դոլարով կործանիչների 26 ռազմածովային մոդիֆիկացիա գնելու վերաբերյալ, որոնք նախատեսվում է մատակարարել մինչև 2030 թվականը։