ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օվալաձև աշխատասենյակում, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ, պատասխանել է լրագրողների հարցին՝ արդյոք նա լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ։

Նա նշել է, որ «անչափ, անչափ կոշտ» կլինի, եթե պարզ դառնա, որ Ուկրաինայում պատերազմը շուտով չի ավարտվի։

«Դա կարող է վերաբերել երկու երկրներին էլ, անկեղծ ասած, տանգո կարող են միայն երկուսով պարել»,- հավելել է Թրամփը:

«Մենք շատ կոշտ ենք լինելու, լինի դա Ռուսաստանը, թե որևէ մեկը, մենք շատ կոշտ ենք լինելու, այնտեղ արյունահեղ սպանդ է տեղի ունենում», -նշել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ, նա խոսել է հակամարտության երկու մասնակիցների միջև «ահռելի ատելության» մասին։

«Նրանց միջև կա որոշակի թշնամանք։ Ես պետք է զբաղվեմ դրանով, և կանցլերը պետք է զբաղվի դրանով, դա անհավանական է... Այդ երկուսի, այս երկու տղամարդկանց միջև կա հսկայական ատելություն, հակամարտող կողմերի միջև հսկայական ատելություն կա», -նշել է Թրամփը։

Նա պատմել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ասել է. «Մենք այլ ընտրություն, քան հարձակվելը, չունենք»՝ ի պատասխան Ռուսաստանի տարածքի վրա Ուկրաինայի վերջին հարձակումների։

«Եվ դա, հավանաբար, գեղեցիկ չի լինի։ Ինձ դա դուր չի գալիս։ Ես ասացի՝ մի՛ արեք դա։ Դուք չպետք է դա անեք։ Դուք պետք է դադարեցնեք դա։ Բայց կրկնեմ, այստեղ շատ ատելություն կա», -եզրափակել է ԱՄՆ նախագահը։