Միլիարդատեր Իլոն Մասկը սոցցանցերում հայտարարել է, որ մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի վերաբերյալ ֆայլերը չեն հրապարակվել, քանի որ դրանցում նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը։
«Ժամանակն է իսկապես հզոր ռումբ նետել։ Էպշտեյնի ֆայլերում նշված է Դոնալդ Թրամփի անունը։ Ահա թե ինչու դրանք չեն հրապարակվել։ Լավ օր քեզ, Դոնալդ Թրամփ»,-գրել է Մասկը։
Ավելի ուշ Մասկը վերահրապարակել է Էպշտեյնի 1992 թվականի երեկույթից մի լուսանկար, որտեղ ԱՄՆ նախագահը զվարճանում է երիտասարդ կանանց հետ։
Մասկի և Թրամփի միջև հակամարտությունը սկսվել է բյուջետային կրճատումների մասին օրենքի պատճառով, որը Մասկը կտրուկ քննադատել էր։
Հիշեցնենք, որ Ջեֆրի Էպշտեյնը ինքնասպան է եղել Նյու Յորքի դաշնային բանտում 2019 թվականի օգոստոսին՝ դատավարությանը սպասելիս։ Նա չի ընդունել իր մեղքը տասնյակ աղջիկների, որոնցից մի քանիսը 14 տարեկան էին, նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքներում։





























