Ռուսաստանի Դաշնությունը գիշերը հարձակում է գործել Կիևի վրա «Շահեդներով» և բալիստիկ հրթիռներով։ Այսօր առավոտվա դրությամբ քաղաքում կան զոհեր, վնասներ են գրանցվել վեց շրջաններում, իսկ մետրոյի կարմիր գիծը գործում է միայն աջ ափին, գրում է RBC-Ukraine-ն։

Կիևի քաղաքային հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհներ են գրանցվել բազմահարկ շենքերում, բենզալցակայաններում, ոչ բնակելի շենքերում և բաց տարածքներում։ Սոլոմենսկի շրջան՝ հրդեհ 16-հարկանի շենքի 11-րդ հարկում։ Դարնիցկի շրջան՝ բեկորներ ընկել են երեք վայրում, վնասվել է երկու մեքենա։ Գոլոսիևսկի շրջան՝ հրդեհ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտում, վնասվել է ուսումնական հաստատություն, բեկորներ ընկել են բենզալցակայանի մոտ։ Դեսնյանսկի շրջան՝ անօդաչու թռչող սարքի բեկորներ բաց տարածքում։ Շևչենկովսկի շրջան՝ հրդեհ ոչ բնակելի տարածքում։ Դնեպրովսկի շրջան՝ զգալի վնաս է հասցվել բենզալցակայանին։

Ինչպես հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 20-ը վիրավորվել են։

Կիևի վրա համատեղ հարձակման հետևանքով վնասվել են երկաթուղիներ և մալուխներ կարմիր մետրոյի գծի Դարնիցա - Լիվոբերեժնայա կայարանների միջև ընկած մետրոյի հատվածում։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր և առավոտյան Ռուսաստանի Դաշնությունը հարձակում է գործել Ուկրաինայի վրա հարվածային անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ հրթիռներով և «Կալիբր» հրթիռներով։ Ռուսական կողմի Տու-95ՄՍ-ը նույնպես օդ բարձրացավ և թևավոր հրթիռներ արձակեց Ուկրաինայի վրա։

Կիևից բացի, հարձակման տակ էին նաև Չեռնիգովը, Լուցկը և Լվովի մարզը։ Տերնոպոլում հայտարարել են տարածաշրջանի վրա զանգվածային հարձակման մասին՝ քաղաքում բազմաթիվ «ժամանումների», էլեկտրաէներգիայի անջատումների և ծխի պատճառով։