ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի hետ հարաբերությունների խզման պատճառով Իլոն Մասկը կարող է խախտել իր խոստումը՝ 100 միլիոն դոլար փոխանցել նրան և հանրապետականների հետ կապված կառույցներին: Այս մասին հայտնել է The New York Times-ը։
Թերթի տվյալներով՝ սա կարող է ազդել 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա: Մասկն արդեն առնվազն 250 միլիոն դոլար է ծախսել Թրամփի ընտրարշավի վրա։
Հրապարակման տվյալներով՝ Մասկը կարող է նաև օգտագործել իր մեդիա ռեսուրսները՝ ԱՄՆ վարչակազմի վրա ճնշում գործադրելու համար: Մասկն X-ում հարցում է հրապարակել՝ նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, «որը կներկայացնի քաղաքական սպեկտրի կենտրոնում գտնվող ամերիկացիների 80%-ի շահերը»: 4.6 միլիոն մասնակիցների ավելի քան 80%-ը քվեարկել է «այո»:
Հունիսի 5-ին Թրամփը և Մասկը կոշտ հայտարարություններ են փոխանակել սոցիալական ցանցերում: Մասկն ասել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում, աջակցել է Թրամփի իմպիչմենտի գաղափարին, քննադատել է Սպիտակ տան կողմից նախաձեռնված օրինագիծը՝ պետական ծախսերը կրճատելու և նախագահի ներմուծման մաքսատուրքերը սահմանելու վերաբերյալ, և կանխատեսել է ամերիկյան տնտեսության անկում 2025 թվականի երկրորդ կեսին։ Թրամփն իր հերթին ասել է, որ Մասկը դադարել է բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, երբ վերահսկել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը և խելագարվել է։ Պետության ղեկավարը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի հետ կնքված պետական պայմանագրերը և չեղարկել բոլոր սուբսիդիաները։



























