ԵՄ երկրները պայմանավորվել են ավելացնել չվերթների ուշացման ժամանակը, որը թույլ է տալիս ուղևորներին փոխհատուցում պահանջել, հայտնում է The Guardian-ը։

Ըստ ծրագրերի, կարճ տարածության չվերթների ուղևորները պետք է ուշանան չորս ժամ և ավելի, նախքան փոխհատուցում պահանջելու հնարավորություն ստանալը։

Հեռահար չվերթների համար ուշացումները պետք է կազմեն վեց և ավելի ժամ։ Ըստ ԵՄ գործող կանոնների, ուղևորները կարող են փոխհատուցում պահանջել, եթե նրանց չվերթն ուշանում է ավելի քան երեք ժամով։ ԵՄ երկրները նաև պայմանավորվել են ավելացնել մերձավոր չվերթների ուշացման դեպքում փոխհատուցման գումարը՝ 250 եվրոյից դարձնելով 300 եվրո, սակայն նախատեսում են կրճատել հեռահար չվերթների համար փոխհատուցումը՝ 600-ից հասցնելով 500 եվրոյի։

ԵՄ ավիաուղևորների իրավունքների վերանայումն ի սկզբանե առաջարկվել էր Եվրահանձնաժողովի կողմից 2013 թվականին։ Անդամ պետություններից 12 տարվա բանակցություններ պահանջվեցին՝ փոխհատուցումների վճարման ժամկետների փոփոխության շուրջ համաձայնության գալու համար, և այս ծրագրերը դեռ պետք է համաձայնեցվեն Եվրախորհրդարանի հետ, նախքան օրենք դառնալը։

Սպառողների եվրոպական BEUC կազմակերպությունը հայտարարել է, որ այս ծրագիրը «ուղևորների մեծամասնությանը կզրկի փոխհատուցման իրենց իրավունքից», քանի որ ուշացումների մեծ մասը կազմում է երկուսից չորս ժամ։

Airlines for Europe (A4E) առևտրային կազմակերպությունը, որը ներկայացնում է այնպիսի ընկերությունների շահերը, ինչպիսիք են Ryanair-ը, EasyJet-ը և Lufthansa-ն, նույնպես դատապարտել է այս ծրագիրը, քանի որ ցանկանում էր, որ ուշացման ժամանակն էլ ավելի երկար լինի, նախքան փոխհատուցման վճարումները սկսվելը։