«Ազատ դեմոկրատներ» կուսակցության բոլոր գործիչները մշտապես հայտարարել են, որ կողմ են եղել 100 տոկոսանոց համամասնական (կուսակցական ցուցակներով) ընտրակարգին, քանի որ մեծամասնական ընտրակարգը ընտրությունները կեղծելու մեխանիզմ է: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա կարծիք հայտնեց, որ այս առումով, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությունը տեղին է եւ դա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը (ՀԱԿ, «Ազատ դեմոկրատներ»- խմբ) ողջունեցին դա:

Ասուլիսի մյուս բանախոսը` իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն իր հերթին նշեց, որ իրենք կողմ են խառը ընտրակարգին: «Մենք նախ փորձենք հասկանալ, թե ինչ թերություններ ունեն երկու ընտրակարգերը, եւ որն է առավել ծառայելու մեր պետությանը: Այսօր աշխարհի 60 երկրներում գործում է համամասնական ընտրակարգը, 43-ում` մեծամասնականը, իսկ մնացածում` խառը համակարգը:

Մեծամասնականի հիմնական թերությունն այն է, որ լիովին հաշվի չէր առնում քաղաքական կուսակցությունների տեսակետները: Համամասնականի ակնհայտ թերությունը թույլ կառավարությունն է, թույլ կապը ընտրողի եւ պատգամավորի միջեւ, ըստ տարածքների ներկայացվածության թույլ մակարդակը: Ամենակարեւորը մեզ համար այն է, որ երբ անցում է արվում 100 տոկոսանոց համամասնականի, դա  բերում է կուսակցամոլության, կուսակցություններն առավել սեփական շահերին են նախապատվություն տալիս: 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը լավագույնը չէ մեր համար: Կարծում եմ` ամենից ընդունելին, հարաբերական մեծամասնականն է, որ գործում է օրինակ ԱՄՆ-ում»,-ասաց նա, հավելելով, որ ընտրություններին կարճ ժամանակ է մնացել, ինչը ընտրակարգը փոխելու օգտին չի խոսում:

Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց. «Մենք տեսական սեմինարի չենք եկել: Մենք կոնկրետ խոսում ենք այս պահի Հայաստանի վիճակի համար: Երկու ընտրակարգի դեմ էլ կարելի է փաստարկներ բերել: Մեր պես չկայացած, ոչ ժողովրդավարական երկրներում իշխանությունը փորձում է վերարտադրվել: Դրա մեխանիզմներից մեկը մեծամասնական ընտրակարգն է: Մեծամասնականի պարագայում բացառված է ընդդիմության հաղթանակը, քանի որ երբ ավելանում են 41 օլիգարխները, ընդդիմությունը թեկուզ 70 տոկոս էլ հավաքի ընտրություններում, չի կարող հաղթել: Այդ պատճառով մենք ասում ենք, եթե անկեղծ եք, որ ուզում եք ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, ապացուցեք»: