Վաշինգտոնյան ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբանները առանձնացրել են 2012 թվականի կարեւորագույն հարցերն ու խնդիրները:
Եվրոպական ծրագրի ավագ գիտաշխատող եւ Նոր եվրոպական ժողովրդավարական նախագծի տնօրեն Յանուշ Բուգայսկին ԱՄՆ-ին կոչ է արել ավելի սերտ կապեր հաստատել Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ:
Իր հոդվածում նա մասնավորապես նշել է. «2012 թվականին 2 հիմնական մտահոգիչ ոլորտներ կան Եվրոպայի արեւելյան մասում: Առաջին հերթին, Արեւմտյան Բալկանների մի քանի երկրներ դեռեւս կշարունակեն պայքարն իրենց պետությունների ամրապնդման, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության ամրապնդման եւ արդյունաբերական տնտեսության զարգացման համար: Երկրորդ, Կենտրոնական-արեւելյան Եվրոպայի պետությունները, որոնք սահմանակից են Ռուսաստանին, շատ զգոն հետեւում են քաղաքական համակարգի դեմ իրականացվող քաղաքացիական բողոքի գործողություններին: Վլադիմիր Պուտինի Կրեմլ վերադարձը նույնպես կարող է նոր հակամարտությունների առիթ հանդիսանալ:
Կենտրոնական-արեւելյան Եվրոպայում Վաշինգտոնը պետք է անսասան մնա հակահրթիռային ծրագրի իրականացման եւ ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում` ուշադրություն չդարձնելով Մոսկվայի եւ ոչ մի սպառնալիքի: Սպիտակ տունը պետք է հնարավոր ավելի սերտ կապեր հաստատի Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, ինչպես նաեւ աջակցի Բելառուսի եւ Ուկրաինայի անկախությանը»:
Եվրոպական ծրագրերով ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Կենտրոնի ավագ գիտաշխատող, մյուս վերլուծաբան Հիթեր Քոնլին իր հոդվածում մասնավորապես նշել է հետեւյալը. «2012 թվականը նշանակալի է նրանով, որ լրանում է Խորհրդային Միության փլուզման 20-ամյակը, Մաաստրիխտի պայմանագրի ստորագրումը, որի համաձայն ստեղծվել է Եվրոպական տարադրամի միությունը, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Եվրասիայի ներքին եւ արտաքին զարգացմանն ուղղված կորսված երկու տասնամյակների: Անցյալ 2 տասնամյակների ընթացքում Ռուսաստանը փորձել է կայունանալ եւ միավորվել Խորհրդային Միության հիմքի վրա: Յուրաքանչյուր անցնող տարվան զուգահեռ Ռուսաստանը գնալով դառնում է առավել նվազ միասնական եւ հզոր երկիր»:
Եվրոպայի ապագայի մասին վերլուծաբանը գրել է. «Թեպետ Եվրոպան ունի միասնական արժույթ, պաշտպանություն եւ անվտանգություն, այնուամենայնիվ, այս բոլոր ջանքերը, այդ թվում նաեւ Ռուսասատանում, ձախողվեցին: Ելնելով անցյալից` Եվրոպան եւ Եվրասիան պատրաստ չեն ապագայի համար»:
«Միացյալ Նահանգները, որը կարեւորագույն եվրոպական ուժ է, գնալով ավելի է շեղվում իր սեփական ներքին խնդիրների եւ Չինաստանի վերելքի ուղղությամբ: Եթե ԱՄՆ-ն հրաժարվի որպես եվրոպական կարեւորագույն գերտերություն հանդես գալուց եւ չհաստատի իր առաջնորդությունը, ապա մենք բոլորս կդառնանք Եվրոպայում եւ Եվրասիայում սպասվելիք ճգնաժամերի ականատեսները: Այս դեպքում արդեն ԱՄՆ-ն չի կարող որեւէ կերպ այդ երկրների վրա ազդեցություն ունենալ», - նշել է վերլուծաբանը:




























