Հայտնի ռուսաստանցի երգչուհի Իրինա Ալեգրովան ավարտում է իր կարիերան եւ տեղափոխվում է Իտալիա, որտեղ նա մտադիր է իր ուժերը փորձել բիզնես-լեդիի դերում: Երգչուհին այնտեղ հացաթխման գործարան է գնել:

Հիմա Ալեգրովան ոչ միայն հանդես կգա հրաժեշտի ելույթներով, այլեւ կփորձի վաճառել իր ունեցած անշարժ գույքը: Ալեգրովան, ով շուտով կդառնա 60 տարեկան, որոշել է արմատապես փոխել իր կենսակերպը եւ Տոսկանայի գործարանը կօգնի նրան այդ հարցում: Միայն ապագան ցույց կտա, թե արդյոք նա որպես հացթուխ կլինի նույնքան հաջողա՞կ, որքան հաջողակ է որպես երգչուհի, գրում է Dni.ru-ն:

Պարզվել է, որ Իտալիայում նման մեծ գնում կատարելու համար Ալեգրովան վաճառել է իր անշարժ գույքը Մոսկվայում: Միաժամանակ նա վաճառում է նաեւ կահույքն ու ավտոմեքենաները:

Երգչուհու ընկերներից մեկը ենթադրություն է արել, որ Իտալիայում եղանակը լավն է եւ այնտեղ նրան ոչ ոք չի ճանաչում: Նա նշել է նաեւ, որ բոլոր դեպքերում, Ալեգրովան Մոսկվայում մեկ բնակարան կթողնի, որ երբեմն հյուր գա: Ինքը` երգչուհին, ոչ մի կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Իրինա Ալեգրովան մեծ բեմից հեռանալու մասին հայտարարել էր 2011 թվականի հոկտեմբերին` Կիեւում: