Ֆինլանդիայի ոստիկանությունը մեկ տարի է, ինչ որոնում է տասը հոգուց բաղկացած ընտանիք, որն անհետացել է 2024թ. մայիսի 15-ին, հաղորդել է Blick պարբերականը։
Անհետ կորածների թվում են 3-17 տարեկան յոթ երեխա եւ նրանց ծնողները։ Ավելին, անհետացման պահին կինը հղի է եղել։
Քննության վարկածով՝ ծնողները, հնարավոր է, դիտավորյալ փախուստի են դիմել իրենց երեխաների հետ, որոնք գտնվում էին սոցիալական ծառայությունների հսկողության տակ։ Ենթադրվում է, որ ընտանիքը մեկնել է միկրոավտոբուսով եւ, հնարավոր է, լքել է երկիրը։ Ֆինլանդիայի ոստիկանությունն օգնություն է խնդրել Հյուսիսի այլ երկրներից միջազգային ձերբակալման օրդեր է տրվել։
Չնայած քաղաքացիների հարյուրավոր տեղեկություններին՝ վարկածներից ոչ մեկը չի հաստատվել: Քննությունը կարծում է, որ ընտանիքը կարող է կողմնակի օգնություն ստանալ, հնարավոր է՝ մարդկանց մի ամբողջ ցանցից: Գլխավոր քննիչ Թոնի Ռաումը նշել է, որ որոնումները ոչ մի արդյունք չեն տվել. ընտանիքը որեւէ ֆիզիկական կամ թվային հետք չի թողել:
Ոստիկանությունը բոլորին, ովքեր տեղեկություն ունեն, կոչ է արել կապվել իրավապահների հետ։ Հետաքննությունը շարունակվում է։



























