Թուրք հայտնի իրավապաշտպան, Բելգե հրատարակչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն, ով KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում գտնվում է կալանքի տակ, իր փաստաբանի միջոցով Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը կոչ-նամակ է ուղարկել` հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ` Զարաքոլուն նամակում նշել է, թե մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, սակայն դեռեւս շարունակվում է ժխտողական քաղաքականությունը եւ այն հասկացությունն է արտացոլվում, թե «պետք լինի կրկին կանենք»: «Այո, Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Այն ոչ միայն պարտավորություն է նահատակների առաջ, այլեւ պարտականություն հասարակության առողջ մտածելակերպի համար: 1915-ի համար հիմնարար ներողությունը շատ կարեւոր է: Դրա տեղը Թուրքիայի խորհրդարանը պետք է լինի: Այն Թուրքիային չի ստորացնի, այլ կուժեղացնի եւ ավելի կբարձրացնի:
Այս ընթացքում, երբ մոտենում է 1915-ի Ցեղասպանության 100-ամյակը, Թուրքիայի հանրապետությունը պետք է ներողություն խնդրի թե նահատակներից, թե իր քաղաքացիներից: 1915-ի 100-ամյակի մոտենալուն զուգահեռ, այդ ծանր սակայն պատասխանատու պարտականությունը պետք է ստանձնի Թուրքիայի խորհրդարանը»,-նշվում է Զարաքոլուի նամակում:
Նշենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։




























