Air India-ի ինքնաթիռի վթարից միակ ողջ մնացածը, պատմել է, որ դուրս է եկել կոտրված արտակարգ ելքով, երբ ինքնաթիռը բախվել է Ահմադաբադ քաղաքում բժշկական քոլեջի հանրակացարանին, հաղորդում է Reuters-ը։

Ռամեշ Վիշվաշկումարը, որը, ըստ ոստիկանության, նստած է եղել վթարային ելքի կողքին գտնվող 11-րդ նստատեղին և կարողացել է դուրս գալ կոտրված լյուկով, նկարահանվել է հինգշաբթի օրը վթարից հետո փողոցում կաղալով քայլելիս՝ արյունոտ մարզաշապիկով և դեմքին կապտուկներով։

«Չեմ կարողանում հավատալ, թե ինչպես եմ ողջ մնացել։ Մի որոշ ժամանակ մտածում էի, որ ես էլ կմեռնեմ», - ուրբաթ հիվանդանոցային մահճակալից պատմել է 40-ամյա Վիշվաշկումարը Հնդկաստանի պետական ​​հեռուստաալիք DD News-ին։ «Բայց երբ բացեցի աչքերս, հասկացա, որ ողջ եմ և փորձեցի ազատվել նստատեղից և փախչել, որտեղ հնարավոր էր։ Տեսա, թե ինչպես են բորտուղեկցորդուհին և մյուս ուղևորները (մահանում) իմ աչքի առջև»։

Ոստիկանությունը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել են մի քանի մարդ հանրակացարանում և գետնին գտնվողները: Ուրբաթ օրը փրկարարները հյուրանոցի այրված շենքերում որոնում էին անհետ կորած մարդկանց և ինքնաթիռի մասերը։

Վիշվաշկումարը նշել է, որ թռիչքից կարճ ժամանակ անց ինքնաթիռը մի քանի վայրկյան սառել է օդում, իսկ խցիկում վառվել են կանաչ և սպիտակ լույսերը։

Նա ասել է, որ զգացել է շարժիչի հզորության աճը, բայց հետո ինքնաթիռը «մեծ արագությամբ հարվածել է հանրակացարանին»։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը գտնվում էր իր հայրենի Գուջարաթ նահանգում՝ վթարի վայրը այցելելու համար, ուրբաթ օրը հիվանդանոցում հանդիպել է նաև Վիշվաշկումարին։

Բժիշկները տեղական լրատվամիջոցներին հայտնել են, որ կենդանի մնացածը լուրջ վնասվածքներ չի ստացել։