Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր` հունվարի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանի պաշտոնանկության հարցին: «Ով ա՞ ասել, որ Մուրադխանյանը հեռացվել է: Նա ռեզերվների տրամադրության տակ է: Դա նշանակում է, որ նա աշխատավարձ է ստանում, նա աշխատում է: Դա նշանակում է ռոտացիա: 17 տարի մարդը չի եղել արձակուրդում, թող մի 2 ամիս էլ հանգստանա, ոչինչ նորմալ է»,-հայտարարեց Վ. Գասպարյանը:
Նրա մեկնաբանմամբ` կադրերի ռեզերվ կարող են ուղարկվել նաեւ այն մարդիկ, որոնք «նորմալ» աշխատողներ են, սակայն ինչ-ինչ պատճառներով իրենց պաշտոնում կաշկանդվածություն են զգում: Ըստ Վ. Գասպարյանի` այդպիսի մարդկանց ուղղակի պետք է ճիշտ տեղում նշանակել: Վ. Գասպարյանը խոստացավ, որ ոչ մի պիտանի, նորմալ աշխատող ոստիկան համակարգից դուրս չի մնալու, իսկ կադրերի ջարդ տեղի չի ունենա: «Կադրերի ջարդ հասկացությունն ուղղակի տեղին չի, եւ չի համապատասխանում իրականությանը: Կադրերի ջարդի պայմաններում աշխատունակությունն ընկնում է եւ համակարգը, մեղմ ասած, չի աշխատում»,- ասաց Վ. Գասպարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին:
NEWS.am-ին տված հարցազրույցում Ն. Մուրադխանյանը նշել էր, որ իր համար անակնկալ է եղել աշխատանքից ազատելու մասին որոշումը:




























