Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքում է, թե ծեծել է «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանին, ով աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանում, եւ համարվում է գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմներից:

Ն. Միրզախանյանը դեկտեմբերի 12-ին ձերբակալվել է թմրանյութ պահելու մեղադրանքով:

Ըստ մամուլի հրապարակումների` Ն. Միրզախանյանը ձերբակալվելուց հետո հայհոյել է ոստիկանապետին, որն էլ անձամբ ժամանել է Էջմիածնի ոստիկանություն եւ ծեծի ենթարկել Ն. Միրզախանյանին:

«Ես բանջարաբոստանային կուլտուրաների հետ ոչ մի շփում չունեմ: Ոչ թե ասում եմ` ճիշտ չի, այլ ասում եմ` հեքիաթ է եւ անհեթեթություն: Գասպարյանը ոստիկանապետ է, իսկ «Կարտոլը» բանջարաբոստանային կուլտուրա է, ես նման բան չեմ կարող անել, ես իմ տիպով, իմ տեսակով արդեն 15 տարի է` նման բան չեմ արել»,- հայտարարեց Վ. Գասպարյանը: