Չելյաբինսկում քննվում է քրեական գործ բեռնատար մեքենաների վարորդների վրա կատարված ավազակային հարձակումների եւ վարորդների սպանության փաստով: Քննության տվյալներով, ձերբակալվածները, որոնց մեջ կա նաեւ հայ, տալիս են խոստովանական ցուցմունքներ:
Արդեն գտվել են հինգ վարորդների մարմինները. այսպիսով բանդայի գործունեության արդյունքում կա 5 զոհ եւ երկու ավզակային հարձակում, սակայն քննությունը չի բացառում, որ հանցագործների զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել: Քննչական հանձնաժողովի Չելյաբինսկի մարզի քննչական վարչության ղեկավար Վլադիմիր Շիշկովը տեղեկացրել է, որ բոլոր չորս ձերբակալվածները բնակվել են Չելյաբինսկի Արգայաշ շրջանում: Նրանցից մեկը տեղացի է, երկուսը Բաշկիրիայից են, իսկ չորրդրը` էթնիկ հայ է:
Չելյաբինսկի երկրամասի ՆԳՆ-ի քրեական հետախուզության աշխատակիցները հունվարի 12-ի գիշերն իրականացրել են վարորդների սպանության մեջ կասկածվողներից երեքին կալանավորելու գործողություն: Հայտնաբերվել են դիակների թաղման տեղերը, ինչպես նաեւ ավտոմեքենաների մասեր: Առգրավվել է երեք ատրճանակ, զինամթերք, սառը զենք, գրում է «Челябинск.Ру»-ն:




























