Բոլոր ՀՀԿ-ականները կրծքանշան են կրում եւ հրահանգներ են կատարում. ԲՀԿ-ն եւս ուժի, փողի եւ հնարավորությունների կուսակցություն է: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ ներկայումս ուսանողները ձգտում են ՀՀԿ զինվորը լինել, հիշեցնելով, որ ուսխորհրդի նախագահ են եղել թե’ ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը, թե’ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Ցավալի է, որ կուսակցությունների գերագույն նպատակը ոչ թե ճշմարտությունն է, այլ ցանկացած միջոցով փող դիզելը եւ իշխանություն ունենալը: Հայաստանում բոլոր ոլորտները մենաշնորհված են: Իշխանությունը դառնում է միլիարդատեր, մինչդեռ արդարության համար պայքարում հետեւողական ուժեր չկան: Իսկ ՀԱԿ-ը հակադրվում է մեկ այլ ուժի` ուժը ուժ է ծնում: Փոխարենը ոչ ոք չի մտածում, որ արտագաղթը շարունակվում է եւ աստիճանաբար ավելի մեծ ծավալներ ստանում»,- իր հիասթափությունը հայտնեց Տիգրան Կարապետյանը: