Ուդմուրտիայում թոշակառուն արկղեր է գնել որպես վառելափայտ, որոնց մեջ մի ողջ զինանոց է հայտնաբերել` 79 միավոր Կալաշնիկով տեսակի ինքնաձիգներ, իրենց պահունակներով եւ պահեստամասերով:
Ներկայումս քննություն է սկսվել, պարզելու համար, թե ինչպես է «Իժմաշի» ուտիլիզացիայի ենթակա զենքը հայտնվել թոշակառուի մոտ:
Ծեր տղամարդը, գտնելով զենքը, դիմել է ոստիկանություն: Նրա տուն ժամանած ոստիկանները արձանագրել են, որ 64 արկղերում գտնվել է 79 ինքնաձիգ, 253 պահունակ եւ այլ պահեստամասեր: Ստուգումը պարզել է, որ զենքը ՊՆ-ի զինանոցներից «Իժմաշ»-ում է հայտնվել ուտիլիզացիայի համար, իսկ արկղերն օգտագործվել են կենցաղային աղբի տեղափոխման համար:
Արկղերը պոլիգոն տանող վարորդը, ճանապարհին որոշել է գումար աշխատել եւ արկղերը վաճառել է վառելափայտ գնելու մտադրություն ունեցող թոշակառուին, մտածելով, որ դրանք դատարկ են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



























