1990-ի հունվարին Բաքվում հայերի կոտորածը կազմակերպվել է Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների համաձայնության եւ հովանավորության պայմաններում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը հունվարի 13-ին տեղի ունեցած մամուլի կոնֆերանսի ժամանակ:

Գրիգորի Այվազյանը շեշտել է, որ 22 տարի առաջ կատարված արյունալի հաշվեհարդարը` հայերի զանգվածային ջարդը, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների եւ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի համատեղ ծրագիրն է: Այդ ծրագրի առաջին փուլում ծրագրվում էր ոչնչացնել կամ Բաքվից եւ Ադրբեջանի մյուս քաղաքներից քշել բոլոր հայերին, երկրորդ փուլում` Լեռնային Ղարաբաղից: Գրիգորի Այվազյանը նշել է մի շարք անձանց, ովքեր անմիջականորեն պատասխանատվում են կրում այդ ողբերգության համար:

Դրանց շարքում Այվազյանը նշել է Աբդուրահման Վեզիրովին (Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարին), Աբուլֆազ Էլչիբեյին (Ժողճակատի ղեկավարին), Նեյմաթ Փանահովին (Շմիդի անվան գործարանի աշխատակցին, ով կոչ է արել Արարատ կառուցել հայերի գլուխներից, եւ հետագայում դարձել է Հեյդար Ալիեւի խորհրդականը, իսկ ներկայումս դարձել է ընդդիմադիր եւ իր պատիժն է կրում բանտում): Այվազյանը նշել է, որ Մոսկվայում տեղյակ են եղել այդ իրադարձությունների մասին, սակայն չեն շտապում միջամտել, որպեսզի «դաս տան» ազատասեր հայերին: Այվազյանի խոսքով, Բաքվում հայերի չեզոքացումից հետո, կոտորածի ալիքը պետք է շարունակվել Լեռնային Ղարաբաղ, սակայն իրադարձությունները դուրս են եկել վերահսկողությունից` կատաղած ամբոխը հարձակվել է Բաքվի ռուս բնակչության վրա, որի հետեւանքով կենտրոնական իշխանությունները հարկադրված էին զորքեր մտցնել քաղաք եւ դադարեցնել հայերի ցեղասպանությունը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի ողբերգության մեղավորների պատիժը, Գրիգորի Այվազյանը նշել է, որ կա երեք հնարավոր տարբերակ: Առաջին, բայց դեռեւս անիրականանալի, դա «Նյուրենբերգյան դատավարության» անցկացումն է: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ գրավել Բաքուն, վերացնել ադրբեջանական ֆաշիզմը, իսկ հետո անցկացնել դատական գործընթաց, օրինակ, Սումգայիթում: Երկրորդ տարբերակով կարելի է դիմել Հաագայի տրիբունալ: Երրորդ տարբերակը դա «Նեմեցիս» օպերացիան է: «Կատարված հանցագործության համապատասխան պատիժը մահն է»,-շեշտել է Գրիգորի Այվազյանը` հավելելով, որ այդպես են վարվել նաեւ իսրայելցիները` ֆաշիստական գործիչների հանդեպ: