«Կասաբելա» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Մկրտչյանը, ում պատկանում է նաեւ հրդեհված Il Pittore ռեստորանը գիտակցում է պատահածի բարոյական պատասխանատվությունը: Ինչպես հայտնում է rapsinews.ru-ն, համապատասխան հայտարարություն է արել Մրտչյանի փաստաբան Արման Ջարաքյանը Մոսկվայի Չերյոմուշկինի դատարանում, իր պաշտպանյալի կալանավորման հետ կապված միջնորդության լսումներից առաջ:

Սուրեն Մկրտչյանը դատարան է բերվել ձեռնաշղթաներով ու դատարանի կատարածուների ուղեկցությամբ:

Փաստաբանը հիշեցրել է, որ ձեռներեցը պայթյունի օրը նույնպես գտնվել է ռեստրանում, սակայն միջադեպից հետո չի դիմել բժշկական օգնության. «Նա կազմակերպել է արյան հանձնում, գնել է դեղամիջոցներ: Եթե նա մնա կալանքի տակ` ով է օգնելու տուժածներին»:

Նրա խոսքով` անցած տարի ամռանը այդ հաստատությունում գրանցվել է արդեն նմանատիպ մի միջադեպ. անհայտ անձը ռեստորան էր նետել շիշ` այրող խառնուրդով:

Հիշեցնենք, որ  հունվարի 12-ին քննչական մարմինը ձերբակալել էր «Կասաբելլա» ՍՊԸ-ի  գլխավոր տնօրենին, սակայն մեղադրանք նրան դեռ չի ներկայացվել: Քրեական գործը պայթյունի փաստի առիթով քննվում է մի քանի հոդվածներով: