Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին զուգընթաց, համամասնորեն աճում է նաև հետիոտների մասնակցությամբ պատահարների թիվը։

Վերջին գրեթե 20 տարիների ընթացքում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է՝ 2007 թվականին գրանցված 1943 պատահարներից՝ 2024 թվականին հասնելով 4314 պատահարի։

Հայաստանում 2023 և 2024 թվականներին տեղի ունեցած հետիոտնային վթարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման միջադեպերի, զոհերի և տուժածների թիվը շարունակում է բարձր մնալ։ Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հետիոտների հետ բախումների թիվը կազմել է 958 դեպք։ Արդյունքում 944 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, զոհվել է 91 մարդ։ Այսինքն՝ հետիոտների վրաերթների հետևանքով տուժածների 9,5%-ը զոհվել է։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 1197 վրաերթ, որոնց հետևանքով զոհվել է 108 և վիրավորվել 1158 մարդ։ Նման դեպքերի ամենամեծ թիվը տեղի է ունեցել Երևանում (518 դեպք): Ընդ որում, զոհվածերից 47-ը վրաերթների զոհեր են դարձել հենց հետիոտնային անցումներում։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հետիոտների ավելի քան 9 տոկոսը վրաերթների զոհ է դառնում փողոցային անվտանգ անցումների համար նախատեսված ճանապարհահատվածներում։ Նման իրավիճակի համար մի քանի բացատրություններ կան։ Նախևառաջ՝ խնդրի նկատմամբ իրավասու մարմնի՝ Ներքին գործերի նախարարության ուշադրության պակասը։ Հաճախ «ուշադրությունը» զուտ ձևական է. «զեբր» անցումները ջնջվում են, և վարորդը պարզապես չի տեսնում դրանք, նշանները թաքնված են ծառերի ետևում, ավտոմեքենաների արագությունը գրանցող սարքերն անջատված են, իսկ «շումախերները», որոնք լավ գիտակցում են այս շտապողականությունը, արագաչափի տակով այնպիսի արագությամբ են անցնում, որը ո՛չ մարդկանց, ո՛չ էլ կենդանիներին ոչ մի շանս չի թողնում։

Արդյունքում, բավականին բարեխիղճ հետիոտները փողոցները հատում են «զեբր» անցումներով՝ բառացիորեն վտանգելով սեփական կյանքը։ Հատկապես տխուր է լուսացույցերի կարգավորմից զուրկ անցումներին առնչվող իրավիճակը։ Որոշ վարորդներ խորապես համոզված են, որ ցանկացած իրավիճակում առավելությունը ավտոմեքենայինն է, ընդ որում՝ անձամբ իրենց ավտոմեքենայինը։

Ընդսմին, ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնակարգի XI գլխում հստակ նշված է. տրանսպորտային միջոցը չկարգավորված անցումով անցնող հետիոտների համար չպետք է խոչընդոտներ ստեղծի։ Այլ կերպ ասած՝ հետիոտներն առավելություն ունեն։ Նույն գլուխը պահանջում է, որ վարորդները կանգ առնեն անցման վայրում, եթե հարակից գոտով անցնող փոխադրամիջոցը դանդաղեցրել է արագությունը և կանգ առել։ Դժբախտաբար, Երևանում հաճախ կարելի է տեսնել ճիշտ հակառակը. «ջիգիթներն» սըրընթաց կերպով անզգուշորեն շրջանցում են արգելակելով ընթացքը կասեցնող ավտոմեքենաներին։

Անշուշտ, կարելի է այդ ամենը «համընդհանուր գնված իրավունքներ» համարել։ Թեև նման պնդումը ևս վիճելի է. իմ ծանոթների շրջանում գերակշռում է իրենց արտոնագիրն ազնվորեն ստացողների թիվը։ Եվ նույնիսկ եթե իրավունքները գնվեն, կոնկրետ այդ խնդիրն ավելի շատ առնչվում է միմյանց նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունքին՝ մի կողմից, և ճանապարհներին ավտոտեսուչների թողտվությանը՝ մյուս կողմից։