Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնից հերքել են այն պնդումները, ըստ որոնց ամերիկյան ռմբակոծիչները օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումների ժամանակ Թուրքիայի օդային տարածքը որևէ կերպ չի խախտվել։ Թուրքիայի օդային տարածքը, միանշանակ, չի օգտագործվել Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների ժամանակ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ռմբակոծիչները, որոնք թռել էին Միացյալ Նահանգներից, մտել են Ջիբրալթարի նեղուց և հարավային Միջերկրական ծովից հասել Իսրայել, ապա Իրաքի տարածքով հարվածել Իրանին։
«Հարձակումից հետո ռմբակոծիչները նույն երթուղով շարժվել են հակառակ ուղղությամբ, վառելիքը լիցքավորել են Միջերկրական ծովի վրայով (Կրետեից հարավ) և վերադարձել Միացյալ Նահանգներ։ Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է ակտիվորեն պաշտպանել Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավորում է դիվանագիտությունը սատարող նախաձեռնությունները։ Հակառակ պնդումները ապատեղեկատվության արդյունք են», - նշել են Էրդողանի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնից։





























