Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեն ուկրաինուհի սթրիփ պարուհիները, քանի որ նրանք պրոֆեսիոնալ աշխատողներ են, շփման մեջ ավելի հասարակ ու բարեհամբյուր են, քան Ռուսաստանի եւ Հայաստանի պարուհիները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Crazy» գիշերային ակումբի տնօրեն Արամ Մաթեւոսյանը: Նրա խոսքով, հայ պարուհիների մեջ կոպտություն է երեւում, իսկ ռուսաստանցի պարուհիների մեջ այդ կոպտությունն ավելի շատ է:
Ա. Մաթեւոսյանը նշեց, որ «Crazy» գիշերային ակումբում պարուհիները հիմնականում Ռուսաստանից են, Ուկրաինայից եւ Հայաստանից: «Ուկրաինայի պարուհիներն ավելի շփվող են, մարդկանց մոտ հոգեհարազատ վիճակ են ստեղծում եւ տրամադրություն չեն փչացնում: Նրանք բարեհամբյուր են, սակայն միաժամանակ նրանց անմիջականությունը թույլ չի տալիս, որ հաճախորդը ավելորդություն թույլ տա: Օրենքով եւս դա արգելվում է»:
Հարցին, թե իրե՞նք են հրավիրում պարուհիներին արտերկրից, թե՞ նրանք են գործատուին գտնում, նա պատասխանեց. «Դե նախնական շրջանում մենք ենք հրավիրել, բայց հետո մեր ակումբի համբավն արդեն տարածվեց եւ մարդիկ ճանաչում ու վստահում են «Crazy»-ին: Պարուհիներ կան, որ Հայաստանի մասին չեն ցանկացել լսել, որովհետեւ այստեղ որոշ ակումբներում աշխատել են, որոշակի խնդիրներ է առաջացել, բայց մեզ մոտ այդ խնդիրը չի առաջացել: Խոսքս վերաբերում է հաճախորդների քիչ լինելուն, քիչ վաստակելուն: Այսինքն` գալիս են վաստակելու, բայց դժգոհ գնում են: Այնինչ` մեր ակումբը այնպիսի համբավ է ձեռք բերել, որ մարդիկ իրենք են մեր տեղը գտնում»,- մանրամասնեց տնօրենը, հրաժարվելով խոսել պարուհիների ամսական վաստակից: Նրա խոսքով, պարուհիներն իրենց գումարն ստանում են հաճախորդների տրամադրած գումարներից:
Ինչ վերաբերում է պարուհիներին ներկայացվող չափանիշներ, Արամ Մաթեւոսյանն ասաց. «Այո կան այդպիսի չափանիշներ. պարուհիները պետք է գեղեցիկ լինեն, բարեհամբյուր: Բայց խիստ դրված չի, որ պարուհին պետք է նիհար լինի, 90-60-90 չափսեր ունենա, քանի որ հաճախորդ կա, որ իրեն թմբլիկներն են դուր գալիս: Տարիքով ամենամեծ պարուհին ինձ մոտ եղել է 30 տարեկան, իսկ ամենագերը` մինչեւ 80 կգ: Կարեւորն իր թմբլիկ լինելը չի, այլ իր վերաբերմունքը: Ավելին` իրենց թմբլ հալով շատ հաճախ ավելի լավ են պարում, քան նիհար պարուհիները»:
«Օմեգա» գիշերային ակումբի սթրիփ պարուհիները եւս դրսից են` Ռուսաստանից, Ուկրաինայից, բայց ակումբում նաեւ հայ պարուհիներ կան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Օմեգա» գիշերային ակումբի մենեջեր Արթուր Բուդաղյան: Նրա խոսքով, պարուհիների միջեւ մրցակցություն չկա:
Ակումբում փոխանցեցին, որ պարուհիների ընտրության հարցում սահմանված չափանիշեր էլ չկան: Հարցին, թե ակումբում աշխատելու համար կարո՞ղ են հայտ ներկայացնել գեր, կոլոտ, տգեղ, 60-ն անց կանայք եւս, նա պատասխանեց. «Չէ դե, այնպես չէ, պետք է գեղեցիկ լինեն: Բնականաբար գեր եւ կոլոտ չեն կարող լինել: Ճիշտ է տարիքային սահմանափակում չկա, բայց դե, բնականաբար, այդ տարիքի կանայք չեն կարող ընդունվել աշխատանքի: Մեզ մոտ ամենաբարձր տարիքի պարուհիները մինչեւ 35 տարեկան են: Սակայն 21 տարեկանից ցածր տարիքի պարուհիներին աշխատանքի չենք ընդունում»,-ընդգծեց մենեջերը:
Պարուհիների վարձատրության չափին վերաբերող հարցին, մենեջերը խուսափեց պատասխանել, սակայն երբ հարցրեցինք, թե նրանց վարձատրությունն ամսական 5 հազար դոլարի հասնո՞ւմ է, նա արձագանքեց. «Հնարավոր է, բայց հաստատված թվեր չկան»:
«Շառլոտ կաբարե» գիշերային ակումբի մենեջերը եւս նշեց, որ իրենց գիշերային ակումբի պարուհիների միջեւ մրցակցություն չկա, թեեւ պարուհիները տարբեր երկրներից են, գերակշռող մասը` Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Հայաստանից եւս պարուհիներ ունեն:
Այստեղ եւս պարուհիներին ներկայացվող կոնկրետ չափանիշներ չկան: «Չափանիշ չլինել ասելով նկատի ունեմ, որ չենք նայում, որ 90-60-90 լինեն: Անզեն աչքով կարելի է հասկանալ նրանք ընդունելի՞ են գիշերային ակումբի համար, թե` ոչ: Մի հատ որ նայեք, կհասկանաք, թե արժի՞, որ նա պարի, թե` ոչ»,-ասաց նա:
Հարցին, թե հայ տղամարդկանց շարունակում են դուր գալ սլավոնուհինե՞րը, թե՞ հայուհիները, մենեջերը պատասխանեց. «Ճաշակին ընկեր չկա: Դա չափանիշ չի, որ ռուս է եւ վերջ: Հաճախորդներ կան, որ հենց հայ պարուհիներն են նրանց դուր գալիս»:
Պատրաստեց` Արեւիկ Արամյանը



























