Հայաստանի ֆինանսական շուկայում դեկտեմբերի վերջերից նկատվում է դոլարային վարկերի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճ: Դեկտեմբերի 26-ից հետո, շաբաթական կտրվածքով, միջինը մոտ 105 մլն դոլարի վարկ է տրամադրվել բանկերի կողմից, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է տարվա միջինը:
Դրամային վարկերի ծավալը նույնպես աճում է, եւ շաբաթական կազմում է մոտ 35 մլրդ դրամ (համարժեք է մոտ 90 մլն դոլարին): Վարկային էքսպանսիայի նման աճը հետեւանք է ինչպես տարեւերջի տնտեսական ակտիվության բարձրացման, այնպես էլ վարկային տոկոսադրույքների նվազման: Ինչ վերաբերում է դոլարային վարկերի նկատմամբ պահանջարկի առաջանցիկ աճին, ապա դա հիմնականում հետեւանք է դրամի արժեզրկման սպասումների:
Ֆինանսական շուկայում բարձր է մնում նաեւ արտարժույթի առուվաճառքի գործարքների ծավալը: Դեկտեմբերի վերջին շաբաթում արձանագրվել էր ռտեկորդային գործարքներ` բանկերը մասնաճյուղերի միջոցով գնել են 138 մլն դոլար եւ վաճառել 166 մլն դոլար, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է: Հունվարի առաջին տասնօրյակում ֆինանսական ակտիվությունը պահպանվել է` բանկերը գնել են 85 մլն դոլար եւ վաճառել 115 մլն դոլար:




























