Ամերիկյան Standard & Poor`s վարկանիշային գործակալությունը կատարել է 2011թ. վերջում հնչեցրած սպառնալիքը եւ հունվարի 13-ին նվազեցրել է եվրոգոտու 9 երկրների վարկային գործակիցը: Ֆրանսիայի եւ Ավստրիայի վարկանիշը նախկին ААА-ից նվազել է մինչեւ АА+, հաղորդում է dpa-ն: Երկու աստիճանով իջեցվել է նաեւ Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի եւ Կիպրոսի վարկանիշը, մեկ աստիճանով` Մալթայի, Սլովակիայի եւ Սլովենիայի վարկանիշը:

Միասնական եվրոպական արժույթի գոտու 14 երկրների համար S&P-ի կանխատեսումը բացասական է, ինչը չի բացառում մյուս երկրների վարկունակության վարկանիշի նվազում:

Գործակալությունը հաստատել է Գերմանիայի ААА վարկանիշը:

Եվրոպայում գործակալության գործողություններն արժանացել են խիստ քննադատության: Ֆինանսների եվրահանձնակատար Օլլի Ռենը հայտարարել է, որ ձեռնարկվող քայլերի ֆոնին գործակալության տվյալ որոշումները հիմնավորված չեն: Նա նշել է, որ արժութային միությունը լավ գիտի իր հիմնախնդիրները եւ արդեն ունի դրանք հաղթահարելու զգալի հաջողություններ, հաղորդում է Reuters-ը:

Ռենը հայտարարել է, որ ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմը կգործարկվի հուլիսին: