Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Պավել Պոպովը, որը մայիսին Լեֆորտովոյի նախնական կալանքի կենտրոնից շտապ հոսպիտալացվել էր Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության հետազոտական ինստիտուտ, ծանր վիճակում է։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է խարդախության մեջ մեղադրվող գեներալի փաստաբան Դենիս Սագաչը, բժիշկները որևէ կանխատեսում չեն տալիս։
«Մեր պաշտպանյալը շարունակում է գտնվել Սկլիֆոսովսկու անվան հետազոտական ինստիտուտում՝ ծանր վիճակում, ինչը բացառում է նրա մասնակցությունը որևէ քննչական գործողությունների կամ դատական նիստերի։ Բժիշկները դեռևս որևէ կանխատեսում չեն տալիս», - ասել է պաշտպանը։
Մայիսին Պոպովը Լեֆորտովոյի նախնական կալանքի կենտրոնից տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց՝ նրա քրոնիկ հիվանդություններից մեկի սրացման պատճառով։ Նույնիսկ ձերբակալությունից առաջ գեներալի մոտ ախտորոշվել էին ավելորդ քաշի, արյան ճնշման, սրտի և շաքարի բարձր մակարդակի խնդիրներ։ Միաժամանակ, Դենիս Սագաչը հայտնել է, որ ռազմական դատարանը Պոպովի կալանքը երկարաձգել է ևս մեկ ամսով՝ մինչև հուլիսի 21-ը: Պոպովը կալանավորվել է անցյալ տարվա օգոստոսի 29-ին, նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության և լիազորությունների չարաշահման միջոցով միջոցների հափշտակման համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մաս): Գեներալը չի ընդունում մեղքը:
Հետաքննության տվյալներով՝ 2021-2024 թվականներին Պոպովը, որը պատասխանատու էր «Պատրիոտ» այգու զարգացման, պահպանման և շահագործման համար, հարստացել է դրա հաշվին՝ գործելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովի և այգու տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովի հետ համատեղ: Անօրինական հարստացման ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 60 միլիոն ռուբլի:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Պոպովը Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում գտնվող իր ամառանոցը կառուցել է այգու հաշվին և իր ենթակաների միջոցով ստիպել է այգու հետ պայմանագրեր ունեցող ընկերությունների տնօրեններին անվճար կատարել շինարարական և տեղադրման աշխատանքներ իր ամառանոցներում: Տուն կառուցելուց և մոտ երեք հեկտար հողամաս մշակելուց հետո, Պոպովը շարունակել է ապահովել դրա պահպանումը այգու հաշվին։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց կազմում ավելի քան 30 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ։
Ախմեդովը և Շեստերովը նախաքննական համագործակցության համաձայնագիր են կնքել և տնային կալանքի տակ են։





























