Հունվարի 13-ից 15-ը Հայաստանում է գտնվում Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ գեներալ-մայոր Ցի Գովեյի գլխավորությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ծրագրի շրջանակներում հունվարի 13-ին Չինաստանի ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարությունում: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ կադրերի ու ռազմական կրթության վարչությունների պետերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, թիկունքային ապահովման, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում: Բարձր գնահատելով հայ-չինական ռազմական համագործակցության զարգացման ընթացքը` Դավիթ Տոնոյանը կարեւորել է պաշտպանության ոլորտում համագործակցության առկա ներուժի լիարժեք օգտագործումը:  ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ. Այվազյանն ու ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ գեներալ-մայոր Ցի Գովեյը ստորագրել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագիր:

Հունվարի 13-ին Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գոհունակություն հայտնելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ`  Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցությունը զարգացման լայն հեռանկարներ ունի: