Գերմանիայի 2025թ. պաշտպանական բյուջեում անսպասելիորեն պակասել է գրեթե մեկ միլիարդ եվրո, որը նախկինում խոստացվել էր Ուկրաինային: Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հունիսին վստահեցրել էր, որ հաջորդ տարի Կիեւին տրամադրվող օգնությունը կկազմի 9,2 մլրդ եվրո: Սակայն հունիսի 24-ի պաշտոնական բյուջեի նախագծում նշված է 900 միլիոնով պակաս՝ 8,3 մլրդ եվրո:

Հունիսի 18-ին պաշտպանության նախարարությունը հրապարակավ գումարը բաժանել է երկու մասի. 7.3 միլիարդն արդեն հաստատվել էր, լրացուցիչ նախատեսված էր 1.9 միլիարդ։ Սակայն պաշտոնյաներն այժմ պնդում են, որ ամեն ինչ ներառված է արդեն նախատեսված 8.3 միլիարդի մեջ։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Bild-ի հետ զրույցում անհամապատասխանությունը բացատրել է նրանով, որ բացակայող գումարի մի մասը այսպես կոչված համաֆինանսավորումն է եւ Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացված եկամուտները։ Այսինքն՝ գումարը ենթադրաբար կլինի, բայց դեռ բյուջեում չէ։ «Արդյունքը դեռ կկազմի մոտ 9 միլիարդ»,- վստահեցրել են գերատեսչությունում։

Բունդեսթագում նման բացատրությունները տարակուսանք են առաջացնում։ Կանաչների խմբակցության պատգամավոր Սեբաստիան Շեֆերն ասել է, որ «բյուջեի նախագծից պարզ չէ, թե որտեղից է նախարարությունը ստանում նշված գումարները»։