Երկու դատախազներ ղեկավարել են անկարգությունների մասնակիցների քրեական հետապնդումը, իսկ մեկ ուրիշը՝ Կապիտոլիումի գրոհին վերաբերող գործերը, գրել է Associated Press-ը՝ հղում կատարելով երկու իրազեկ աղբյուրների:
Նրանցից մեկին աշխատանքից ազատելու մասին նամակը, որը գործակալությանը հայտնի է, ստորագրվել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի կողմից, հաղորդել է BBC-ն:
Փաստաթղթում չեն բացատրվում ազատման պատճառները՝ որպես փաստարկ մեջբերելով «ԱՄՆ Սահմանադրության 2-րդ հոդվածը եւ ԱՄՆ օրենքները»։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ AP-ին։
Թրամփի երկրորդ ժամկետի սկզբից ի վեր Կապիտոլիումի անկարգությունների գործով զբաղվող մի քանի դատախազների պաշտոններն իջեցվել են, մոտ 20 փաստաբաններ, որոնք սկզբում ժամանակավոր պաշտոնների էին վարձվել գործով աշխատելու համար, հետո նրանց տրվել էին մշտական պաշտոններ, ազատվել են աշխատանքից։
2021թ. հունվարի 6-ին ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփի կողմնակիցները փորձեցին կանխել Ջո Բայդենի հաղթանակի վավերացումը եւ անկարգություններ կազմակերպեցին Վաշինգտոնում։ Մասնակիցներից շատերը դատապարտվեցին, բայց Թրամփը երկրորդ ժամկետի սկզբում ներում շնորհեց նրանցից ավելի քան 1 500-ին։





























