Այս օբյեկտը, որտեղ կարող է պահվել Իրանի հարստացված ուրանի պաշարների մինչև 60%-ը, գտնվում է չափազանց խորը գետնի տակ և չկա վստահություն, որ այն կարող էր խոցվել նույնիսկ ամերիկյան բունկերային ռումբերով։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին Սենատի անդամներին փակ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

Հավանաբար, հարստացված ուրանի պաշարներն ավելի խոցելի կենտրոններից Սպահանի օբյեկտ են բերվել ԱՄՆ հարձակումից առաջ։

Իրանում միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ հարձակումից հետո մի շարք լրատվամիջոցներ, տարբեր փաստարկներ հղում անելով՝ արբանյակային պատկերներից մինչև ԱՄՆ հետախուզական արտահոսքեր, գրել են, որ երկրի միջուկային ծրագրին հասցված վնասը դեռևս չի կարող անդառնալի համարվել, հաղորդում է DW-ն։ Ամերիկյան հարվածների հաջողության վերաբերյալ կասկածները զայրույթ են առաջացնում Սպիտակ տանը. Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները և ԱՄՆ նախագահը բազմիցս վիրավորել են նման լրատվամիջոցներին։