Թունիսում այսօր` հունվարի 14-ին հանրահավաք է կազմակերպվել, նվիրված «Հունվարի 14-ի» հեղափոխության տարեդարձին, որով դրվեց «արաբական գարնան» սկիզբը: Մի քանի հարյուր թունիսցիներ հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի բարձրաձայնեն իրենց պահանջները:
Արաբական հեղափոխության օրրանն այս օրը նշում է ներքաղաքական բարդ իրավիճակում, անցումային շրջանի տնտեսական դժվարություններով եւ 18 տոկոսանոց գործազրկությամբ:
Մարդիկ պահանջում են աշխատանքի ու կենսամակարդակի պայմանների բարելավում, բարեփոխումների իրականացում: Շատերը եկել էին կարմիր-սպիտակ հագուստներով` երկրի դրոշի գույներով:
Հավաքվածները հարգել են տապալված ռեժիմի դեմ բախումների ժամանակ զոհվածների հիշատակը: Շատերի ձեռքներին եղել է երիտասարդ թունիսցի Մոհամեդ Բուազիզիի նկարները, ով 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ինքնահրկիզվել էր եւ դրանով սկիզբ դրել հեղափոխությանը:
Բացի այդ, հեղափոխության օրը նշելու են նաեւ Թունիսի կենտրոնում գտնվող Կոնգրեսի պալատում: Դրան կմասնակցեն Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ-Թանին, Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիքը, Լիբիայի անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը, ինչպես նաեւ պատվիրակություն Մարոկկոյից, Արաբական միացյալ էմիրություններից, Բահրեյնից, Քուվեյթից, Պաղեստինի ինքնավարությունից եւ այլ երկրներից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ «հունվարի 14-ի» հեղափոխության արդյունքում Թունիսում իշխանության եկան չափավոր իսլամիստները:




























