Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը հայտարարել է, որ անցած շաբաթ Թեհրանի Էվին բանտին իսրայելական ռեժիմի հասցրած հարվածի հետևանքով 71 մարդ է զոհվել, հայտնում է Mehr-ը։

«Ցավոք, այս հարձակման ընթացքում սիոնիստները լայնածավալ հանցագործություն են իրականացրել։ Լրջորեն տուժել են նույնիսկ այցելությունների վայրերի և դատական շենքերի հարևանությամբ ապրող մարդիկ»,- ասել է նա։

Ջահանգիրը հավելել է, որ Էվին բանտի հարևանությամբ ապրող մարդկանց զգալի նյութական և ֆիզիկական վնաս է պատճառվել։

«Սիոնիստների հարձակումը զգալի ֆինանսական և ֆիզիկական վնաս է հասցրել տեսակցությունների սրահի և դատարանի շենքի հարևանությամբ բնակվողներին։ Ցավոք, նրանց թվում ևս նահատակներ ունենք»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով զոհերի ընդհանուր թվին՝ Ջահանգիրը պարզաբանել է, որ հարձակման օրը Էվինում մի քանի ընտանիք է եղել, որոնք կա՛մ եկել էին այցելելու իրենց հարազատներին, կա՛մ իրավական հարցեր էին լուծում նրանց հետ։

Զոհերի թվում են բանտի վարչական անձնակազմի աշխատակիցներ, ժամկետային զինծառայողներ, բանտարկյալներ, բանտարկյալների ընտանիքների անդամներ, որոնք այցելության էին եկել կամ իրավական հարցեր էին լուծում, ինչպես նաև բանտի հարևանությամբ բնակվող տեղի բնակիչներ։

«Ցավոք, միջադեպի հետևանքով մի քանի մարդ էլ վիրավորվել է։ Ոմանք բուժօգնություն են ստացել տեղում, մյուսները տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ ոմանք հոսպիտալացվել են և լրացուցիչ բուժում ստանալուց հետո արդեն դուրս են գրվել»,- եզրափակել է նա։