Հունիսի 29-ի գիշերը ռուսաստանյան հարձակումը հետ մղելիս ողբերգականորեն զոհվել է F-16 կործանիչի օդաչու Մաքսիմ Ուստիմենկոն։ Նա հասցրել է ինքնաթիռը հեռացնել բնակավայրից, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերին։

«Ցավոք, այժմ ևս մեկ ցավալի կորուստ ունենք։ Այս գիշեր, հետ մղելով հակառակորդի զանգվածային օդային հարձակումը, F-16 ինքնաթիռով զոհվել է 1-ին կարգի օդաչու, 1993 թվականին ծնված փոխգնդապետ Մաքսիմ Ուստիմենկոն»,- ասվում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հաղորդագրության մեջ։

Օդաչուն կիրառել է ինքնաթիռի ողջ սպառազինությունը, խոցել է յոթ օդային թիրախ։ Վերջին թիրախի վրա աշխատելու ժամանակ նրա ինքնաթիռը վնասվել է և սկսել է կորցնել բարձրությունը։

«Մաքսիմ Ուստիմենկոն արել է հնարավոր ամեն ինչ, ինքնաթիռը հեռացրել է բնակավայրից, սակայն չի հասցրել կատապուլտվել... Զոհվել է որպես հերոս»,- հայտնել են Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերը։

Հունիսի 29-ի գիշերը Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։

Ինչպես նշել են Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերը, ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 500 օդային թիրախ։

Հակառակորդի հարվածի տակ են եղել Նիկոլաևի, Զապորոժիեի, Պոլտավայի, Լվովի, Չերկասիի, Իվանո-Ֆրանկովսկի և Դնեպրոպետրովսկի մարզերը։ Ռուսական ուժերը հարվածել են կրիտիկական ենթակառուցվածքներին և տներին, կան տուժածներ, գրում է ուկրաինական լրատվամիջոցը։