Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել գործակալության հետ Իրանի համագործակցությունը կասեցնելու կապակցությամբ։

Ըստ նրա, «եկել է բանակցությունների սեղանի շուրջ նստելու» և «այս հարցը լուծելու ժամանակը»։

«Իրանը, և կարծում եմ՝ ոչ ոք դա կասկածի տակ չի դրել, ու հուսով եմ՝ ոչ ոք չի դնի, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է, ինչպես և աշխարհի ավելի քան 190 երկիր։ Այնպես որ, դա ենթադրում է, որ նրանք պետք է աշխատեն... գործակալության հետ։ Այսպիսով, մենք պետք է գործենք. մենք ուսումնասիրել ենք նրանց օրենքը, որը հավանության է արժանացրել Մեջլիսը, և տեսնում ենք, որ նրանք խոսում են իրենց օբյեկտների անվտանգության ապահովման հիման վրա համագործակցության մասին։ Կարծում եմ, որ դա չի հակասում տեսչական աշխատանքին, որը պետք է իրականացվի»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։

Ըստ Գրոսիի, ինքը չէր ասի, թե «հետաքրքրությամբ կամ անհանգստությամբ» է վերաբերվում Իրանի խորհրդարանի հավանությանն արժանացած օրենքին։

«Բայց, իհարկե, դա նրանց օրենքն է, նրանց խորհրդարանը։ Բայց, գիտե՞ք, այստեղ իրավական հետևանքներ կան։ Միջազգային պայմանագիրը, իհարկե, գերակա ուժ ունի։ Չի կարելի վկայակոչել ներքին օրենքը՝ միջազգային պայմանագիրը չպահպանելու համար։ Սակայն Իրանը տվյալ պահին դա չի ասում, և ես կարծում եմ, որ դա կառուցողական է։ Ահա թե ինչու եմ կարծում, որ մենք պետք է խորանանք մանրամասների մեջ, քանի որ աշխատանքը պետք է շարունակվի, հակառակ դեպքում ոչ ոք պատկերացում չի ունենա, թե ինչ է կատարվում Իրանում։ Իրանը կշարունակի իրականացնել միջուկային ծրագիր, որի ուրվագծերը դեռ պետք է որոշվեն, և, վստահ եմ, այն կդառնա այս բանակցությունների մի մասը, որոնք, հուսով եմ, շուտով կվերսկսվեն»,- հավելել է նա։