Իսրայելի վարչապապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ վերջինս մի քանի օրվա մեջ երկրորդ անգամ Իսրայելի դատախազությունից պահանջել է դադարեցնել վարչապետի դեմ կաշառակերության գործերը, հայտնում է Times of Israel-ը։

Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, այսպիսով Նեթանյահուն ողջունել է երկրի ներքին դատական գործընթացներին օտարերկրյա միջամտությունը։

«Եվս մեկ անգամ շնորհակալություն, Դոնալդ Թրամփ»,- X սոցիալական ցանցում գրել է Նեթանյահուն՝ հավելելով․ «Միասին մենք Մերձավոր Արևելքը կրկին մեծ կդարձնենք»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խստորեն քննադատել էր իսրայելցի դատախազներին՝ հայտարարելով, որ չի համակերպվի Նեթանյահուի դեմ դատավարության հետ։

Իսկ Իսրայելի վարչապետին Թրամփն անվանել էր «պատերազմի հերոս»՝ պատմելով «Մեծ հաղթանակի» մասին, որը ԱՄՆ-ն ձեռք էր բերել Նեթանյահուի հետ։